Այաթոլահ Խամենեիի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների թեմայով խոսելու համար ստիպված ենք դիմելու իրանական ԶԼՄ-ների հաղորդագրություններին, իսկ դրանք ծայրահեղ ժլատ են: Դրանցից տեղեկանում ենք, որ Խամենեին ասել է. «Սիրիայի հարցով իրանա-ռուսական համագործակցության արդյունքները հաստատեցին, որ Թեհրանն ու Մոսկվան կարող են ընդհանուր նպատակի հասնել բարդ իրադրություններում»: Շարունակենք մեջբերել. «Առաջնորդը ողջունել է նախագահ Պուտինի առաջարկը բոլոր ոլորտներում Իրանի հետ համագործակցության հետագա ընդլայնման մասին, հայտարարելով, որ կապերի զարգացման համար անհրաժեշտ է երկկողմ հարաբերություններում և տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման գործում օգտագործել վերջին տարիների օգտակար փորձը: Սիրիայում ահաբեկիչներին սատարող ամերիկյան կոալիցիայի պարտությունն անվիճելի փաստ է, սակայն նրանք շարունակում են դավադրություններ սարքել, ուստի սիրիական խնդրի լուծումը պետք է շարունակվի»,- ասել է նա: Իրանի առաջնորդը նշել է, որ Սիրիայում խռովարարների և ահաբեկիչների դեմ պայքարում Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը և պատշաճ դիմադրությունը շատ նշանակալի են և Ռուսաստանը դարձրել են Արևմտյան Ասիայի ազդեցիկ երկիր: Ըստ Գերագույն առաջնորդի, Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր երկրի ապագայի հարցը, իսկ այլ կողմերը չպետք է ճնշում գործադրեն Սիրիայի կառավարության վրա: «Մենք կարող ենք վերացնել ԱՄՆ-ի պատժամիջոցները, չեզոքացնել դրանք տարբեր ձևերով, օրինակ, երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերություններում դոլարը փոխարինելով ազգային արժույթով»,- ավելացրել է Գերագույն առաջնորդը:
Առևտրաշրջանառությունից դոլարը «հանելու» մասին վերջին մի քանի տարում խոսում են ոչ միայն Իրանն ու Ռուսաստանը, այլև Չինաստանը և նույնիսկ Հնդկաստանն ու Ճապոնիան, տեղեկություններ են եղել նաև Ասիայի այլ պետությունների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակից մի շարք երկրների նման մտադրությունների առկայության մասին: Բայց Իրանի Գերագույն գլխավոր հրամանատարն առաջին անգամ խոսեց ԱՄՆ-ի և նրա ջանքերի չեզոքացման մոտակա հեռանկարի հնարավորության մասին: Կարելի է համարձակորեն հայտարարել, որ Խամենեի-Պուտին բանակցությունների էությունն ավելի խոր է, քան կարող է թվալ իրանական ԶԼՄ-ների հաղորդումներին ծանոթանալիս: Եվ կարելի է վստահորեն արձանագրել, հաշվի առնելով երեք նախագահների համատեղ հայտարարությունը, որ Խամենեին և Պուտինը քննարկել են ոչ միայն Սիրիայի և Իրաքի իրադրությունը, այլև գործերի վիճակը Այսրկովկասում և Մերձկասպիայում, չի բացառվում՝ նաև Միջին Ասիայում և Աֆղանստանում: Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, նրանք համոզված են, որ Սիրիայում և Իրաքում պարտվելուց և «քրդական անկախության» հարցում անհաջողության մատնվելուց հետո ԱՄՆ-ը գրեթե 100 % հավանականությամբ փորձելու է քաոսային վիճակ ստեղծել Այսրկովկասում, Մերձկասպիայում, Միջին Ասիայում և Աֆղանստանում: Այդ տեսանկյունից, Ալիևի հասցեին Ռոհանիի, Պուտինի և Խամենեիի արած նախազգուշացումներն ընկալվում են որպես ապագային միտված «նախավերջին ակնարկ», քանի որ համատեղ հայտարարության այն կետից, որում պաշտպանություն է հայտնվում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ պլանին (2015 թ. Վիեննայի համաձայնագիր), ակնհայտ է, որ Թեհրանը և Մոսկվան պատրաստվում են իրադրության ամենադրամատիկ շրջադարձին, 2015 թ. Վիեննայի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, հետևաբար, Վաշինգտոնի հետ առճակատման ավելի սրվելուն:
Հասկանալի է, որ այս համատեքստում գեներալներ Գերասիմովի և Բագերիի հանդիպումն ու բանակցությունները «մնացին կադրից դուրս»: Եվ իզուր: Չէ՞ որ հասկանալի է՝ Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ-ի պետի գալուստը հենց այնպես չէր հարմարեցված Թեհրան Պուտինի այցին և երեք նախագահների հանդիպմանը: Ըստ «ԻՌՆԱ» գործակալության, «Իրանի ԶՈՒ ԳՇ-ի պետը և նրա ռուս գործընկերն ընդգծեցին Սիրիայի դիմադրության շարժմանն օգնություն ցույց տալու և ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Նշելով վերջին 2 տարում Իրանի և Ռուսաստանի զինված ուժերի համագործակցության լավ մակարդակը՝ Իրանի ԶՈՒ ԳՇ-ի պետը բարձր գնահատեց Ռուսաստանում միջազգային բանակային խաղերի անցկացումը և դրանց Իրանի մասնակցելու հրավերը, քանի որ այդ մրցումները կնպաստեն երկու երկրների համագործակցության ընդլայնմանը: Նա հույս հայտնեց, որ իր գործընկերոջ հետ կհանդիպի Մոսկվայում: ՌԴ ԶՈՒ ԳՇ-ի պետը նույնպես գոհունակություն հայտնեց երկու երկրների պաշտպանական և ռազմական համագործակցության ներկայիս մակարդակից: Պաշտոնյաները կարծիքներ փոխանակեցին տարբեր ասպարեզներում ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանում օտարերկրյա միջամտության հակազդեցությունը համատեղ ղեկավարելու մասին: Նրանք շեշտադրեցին պաշտպանական գործակցությունը, ներառյալ անվտանգության, արդյունաբերության հարցերը, գիտական հետազոտությունները և կրթությունը»: «Թասնիմ» գործակալությունն ավելացնում է, որ Գերասիմովն ի պատասխան հայտարարեց. «Թեհրանում իմ գտնվելու ժամանակ ես կուզեի քննարկել Սիրիայի ընթացիկ իրադրությունը, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական հետագա զարգացման ասպարեզները»:
Այսպիսով, գլխավոր շտաբները, հնարավոր է, նախապես քննարկել են ոչ միայն հավանական նոր ռազմական մատակարարումների, այլև իրենց ռազմական գործակցության ապագա սցենարները, ասենք, թեկուզ Սիրիա-Իրաքի հարցով: Չնայած, հաշվի առնելով Խամենեի-Պուտին բանակցությունները, երևի թե Բագերի-Գերասիմով բանակցության հարցերի շրջանակը շատ ավելի լայն է եղել: Այդ կապակցությամբ անպայման պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ նշյալ հանդիպումներից մի երկու օր առաջ իրանական աղբյուրները հայտնեցին ահաբեկիչների հերթական խմբի ջախջախման մասին, որոնք փորձել էին Իրան ներխուժել «հյուսիսարևմտյան ուղղությունից» (հոկտեմբերի 22-ին և 31-ին): ՈՒզում եմ հիշեցնել, որ Իրանի հյուսիսարևմտյան սահմանները նախ և առաջ Թուրքիայի և Նախիջևանի սահմանակից տարածքներն են, քիչ չափով՝ Հյուսիսային Իրաքի և ՀՀ Մեղրու շրջանի: Իմ կարծիքով, Քրդական հարցով Իրանի և Ռուսաստանի գլխավոր շտաբների հնարավոր, և նույնիսկ սպասվող, համագործակցությունը պետք է առանձնացվի, քանի որ այդ դեպքում խոսք կլինի ոչ միայն Հյուսիսային Իրաքի և սահմանակից թուրքական տարածքների, այլև Սիրիայի և... Նախիջևանի մասին, որտեղ նույնպես շատ քրդեր կան: Եվ ոչ ոք չգիտե, թե ինչ կարելի է սպասել Սիրիայի ու Նախիջևանի քրդերից: Կրկին ուշադիր կարդանք «տարածաշրջանում օտարերկրյա միջամտության հակազդեցությունը համատեղ ղեկավարելու» մասին ձևակերպումը: Մի՞թե դա Այսրկովկասում ինչ-որ բան «փոխելու» Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի փորձերի դեմ Իրանի և Ռուսաստանի համատեղ գործողությունների մասին բացահայտ ակնարկ չէ թեկուզ Սիրիայի (և՝ միայն Սիրիայի) հարցում Թեհրանն ու Մոսկվան Թուրքիայի համար ինչ-որ դեր ունեն:
Բայց դեռ պետք է պարզել, թե Իրանի և Ռուսաստանի ԳՇ-ները ինչ նկատի ունեն «տարածաշրջան» ասելով, երբ «օտարերկրյա միջամտությանը համատեղ հակազդելու» առաջարկություններ են անում միմյանց: Հիշատակված «տարբեր ասպարեզներում պայքարը ահաբեկչության դեմ» երկու երկրների զինվորական հրամանատարության համար դժվար թե սահմանափակված լինի միայն Սիրիա-Իրաքով և Այսրկովկասով: Համոզված եմ, որ Թեհրանն ու Մոսկվան տարատեսակ ահաբեկչության դեմ հակաքայլերի համատեղ ծրագրեր են մշակում արդեն. չէ՞ որ հենց նոյեմբերի 2-ին Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, դատապարտելով Նյու Յորքում (Առևտրի համաշխարհային կենտրոնի մոտակայքում) կատարված ահաբեկչական գործողությունը, հայտարարեց, որ «ահաբեկչության նախապատճառը մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վարած քաղաքականությունն է»: Պարզ է, որ, վաղ, թե ուշ, առնվազն Իրանը չի զլանա ուղղակիորեն հենց ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրելու Սիրիա և Իրաք ահաբեկչություն «նետելու» համար: Ռուսաստանը չնայած առայժմ զսպվածություն է պահպանում, այնուամենայնիվ, Թեհրանում ոչ միայն պարզապես համաձայնեց, այլև հաստատեց, որ Իրանի հետ հարաբերությունները չեն վերագնահատվելու: «Ռուսաստանը Իրանի բարեկամը, հարևանը և ռազմավարական գործընկերն է: Իրանը լի է Ռուսաստանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու վճռականությամբ» (Հասան Ռոհանի): «Իրանը Ռուսաստանի հարևանը, բարեկամը և ռազմավարական գործընկերն է: Մենք մեր հարաբերությունների զարգացման ու համագործակցության համար ընդհանուր շատ շահեր ունենք» (Վլադիմիր Պուտին, «Թասնիմ նյուզ» գործակալություն): Հետևաբար հիմա ոչ մի պետություն չի կարող կանխագուշակել, թե մինչև ուր կարող են հասնել Իրանն ու Ռուսաստանը համատեղ գործողություններ մշակելիս, այդ թվում՝ երկու երկրների գլխավոր շտաբների մակարդակով, եթե Թեհրանն ու Մոսկվան իրենք չցանկանան բացահայտել այդ մշակումներն ու պլանները: Եվ այդ նախազգուշացումը վերաբերում է, առանց բացառության, բոլոր երկրներին, նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին:
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ